Գեղարքունիքի մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման միջին ցուցանիշը անցած տարվա համեմատ 2013-ի հունվար-հոկտեմբերին կազմել է 76,6 տոկոս, հավաքագրվել է 725 միլիոն դրամ, որը 221 միլիոնով պակաս է ծրագրված գումարից:
Մարզի վեց համայնքներում` Ծովակում, Ծաղկունքում, Ծովագյուղում, Ներքին Գետաշենում, Արտանիշում և Վաղաշենում, տեղական եկամտային բյուջեները կատարվել են ամբողջ տարվա կտրվածքով:
Ինչպես տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, թերակատարման պատճառ են դարձել Գավառի և Ճամբարակի տարածքների կատարողական ցածր ցուցանիշները: Այս տարվա տասն ամսվա դրությամբ մարզի տասներկու համայնքներում դեռևս մնում են աշխատավարձերի և պարտադիր սոցվաճարների պարտքեր, որոնք կազմում են 79 մլն դրամ:
Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցած նիստի ընթացքում մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը համայնքապետերին հորդորել է մինչև դեկտեմբերի 1-ը տեղական բյուջեների կատարման ցուցանիշը հասցնել 100 տոկոսի: Նա նաև հանձնարարական է տվել` ճշգրտել մարզի բնակչության թվաքանակը, որպեսզի համահարթեցման դոտացիաները համայնքներին տրամադրվեն բնակչության թվաքանակին համապատասխան չափով:
Գեղարքունիքի մարզպետը նշել է, որ եկամուտների հավաքագրման թերակատարումը արդյունք է ոչ բավարար աշխատանքի և հորդորել է վերացնել արձանագրված թերություններն ու բացթողումները:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ